Գյումրին նրանց մուշուրբա է նվիրել

Լիլիթ Գասպարյան

«Ոսկե մուշուրբա» մրցանակաբաշխության ժամանակ մրցանակը հենց ոսկեջրած մուշուրբան է: Օրեր առաջ նշվեց ամենամյա միջոցառման 10-ամյակը: Մրցանակաբաշխության հիմնական գաղափարը գյումրեցի գործիչներին ու արվեստագետներին գնահատելն է, ուշադրության արժանացնելը:

1024px-%d5%af%d5%b8%d6%82%d5%b4%d5%a1%d5%b5%d6%80%d5%ab_%d5%a1%d6%80%d5%a3%d5%a5%d5%ac%d5%b8%d6%81_%d6%84-_%d5%a3%d5%b5%d5%b8%d6%82%d5%b4%d6%80%d5%ab_33

-Այս մրցանակաբաշխության նպատակն է գնահատել մեր պատմաշատ ու պաշտելի քաղաքի այն երևելիներին, որոնք իրենց կյանքի անցած ճանապարհով, իրենց ունեցած վաստակով և իրենց նվիրվածությամբ արժանացել են այս մրցանակին: Նրանց օրինակը պետք է լինի ուղեցույց յուրաքանչյուր գյումրեցու համար: Մրցանակը չունի ոչ մի քաղաքական ենթատեքստ: Շնորհվում է այն փաստացի արժեքների հիման վրա, որ անձը ներդրել է ի շահ մեր քաղաքի զարգացմանն ու բարգավաճմանը,- ներկայացնում է «Ոսկե մուշուրբա» մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահ Ֆելիքս Գրիգորյանը:

Բեմ են հրավիրվում այս տարվա մրցանակակիրները՝ ստանալու իրենց մուշուրբան: Նրանց մեջ Գյումրու մեկ այլ խորհրդանիշի՝ Ֆրունզիկի եղբայրն է՝ Ալբերտ Մկրտչյանը.

-Ես հուզվեցի, իսկապես հուզիչ է այսքան տարի հետո նորից բարձրանալ այս հարազատ բեմի վրա: Առանց Գյումրիի հոտի, առանց գյումրեցիների սրամտության ես չեմ կարող ապրել: Անգամ Երևանում ես միշտ պարծենում եմ, որ գյումրեցի եմ:

«Ցայգ» մարզային հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա Մինասյանը սա ոչ թե միայն իր, այլ ավելի շատ հեռուստաընկերության ձեռքբերումն է համարում: Ասում է՝ մրցանակն ունենալը պարտավորեցնող է և գնահատականն է այն բանի, որ արդեն 25 տարի Գյումրու կողքին են:

mkrtich-arzumanyanՄկրտիչ Արզումանյանն այս բեմում պատրաստվում է իր նոր ներկայացումը բեմադրել գյումրեցի հանդիսատեսի համար: Բայց մինչ այդ հարթակին է բարձրանում որպես մրցանակակիր:

-Շատ պարտավորեցնող մրցանակ է: Այսուհետ ավելի քրտնաջան պետք է աշխատեմ ու ավելի զգոն լինեմ, յուրաքանչյուր քայլս չափեմ-ձևեմ, որովհետև այս մրցանակը նշանակում է՝ մենք քեզ հետևում ենք: Ուզում եմ, որ միշտ ժպտաք, իմ սիրելի՛ գյումրեցիներ: Միշտ իմացեք՝ ոչ մեկը չի դավաճանում, չի լքում Գյումրին, պարզապես Գյումրին ներկայացնում ենք Հայաստանի այլ վայրերում, արտասահմանում: Ինձ թվում է՝ դա նույնպես պարտավորեցնող է,-ասում է դերասանը:

Մրցանակ տրվեց նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին, վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանին, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին և այլոց:

Advertisements