Սանտան Ձմեռային այգի է ժամանել նվերներով ու…կնոջ հետ

Սամվել Մելքոնյան

Երևի հիշում եք, թե ամառային ընկերական հավաքույթներ նախատեսելիս ո՛ր տարբերակն էր ամենից շատը քննարկվում: Այդ կանաչապատ Երազի այգին այլևս կանաչապատ չէ: Ավելին՝ այնտեղ ինչ-որ դղյակներ են հայտնվել, բայց սա բոլորի սրտով է: Նույնիսկ բնապահպանների ու հասարակական ակտիվիստների:


Տաք հագնվելը քիչ է

Ի՞նչ գործ ուներ ինձ նման մրսկան մարդը Ձմեռային այգում: Այստեղ ամեն կողմից ձմեռ է փչում, ու ամենադժվարը լուսանկարելն է, երբ պետք է ձեռքերդ ազատես ձեռնոցներից: Այս այգին Երևանի դեռևս միակ վայրն է, որ քեզ տեղափոխում է երազածդ ամանորյա հրաշքի գիրկը: Եկել են մեծերն ու փոքրերը, ընդ որում՝ փոքրերին հավասար հրճվում են ծնողները: Ի դեպ, առաջին անգամ լսեցի, որ նրանք երեխաներին ասեն՝ վազվզեք. ձմեռային այգում տաքանալ է պետք:

dzmerayin-aygi-2Որպեսզի տաքանալու միակ միջոցը վազվզելը չլինի, այգու հենց սկզբի հատվածում Միսիս Կլաուսի տունն է: Ինձ համար զարմանալին առհասարակ Միսիս Կլաուսի գոյությունն էր: Չգիտեի, որ Սանտան կին ունի: Փաստորեն, նա այնքան էլ մենակյաց չէ: Այս տունն այցելուների ամենատաքուկ վայրը կդառնա. բլիթներ, թխվածք ու իհարկե, տաք ըմպելիք:

Որքան մարդ՝ այդքան լուսանկար
Ամբողջ ճանապարհին սառցե արձանկիներ են ու սառցե եղնիկներ: Լուսանկարվելու համար սրանք հիմնականում փոքրերին են գերում: Մանավանդ որ լուսային էֆեկտներով  գունեղ են: Մի քիչ տարիքով մեծերը՝ պատանիները, հավաքվել են լուսանկարչական տաղավարի մոտ: Ամանորյա պաստառի առջև եղջյուրներ, գլխարկներ, աղջիկները՝ նույնիսկ թղթե բեղիկներ են դնում ու նկարվում: Մինչև հերթը կզիջեն մյուսներին, աշխատակիցը լուսանկարներն է հանձնում. հավանու՞մ եք:

Մեծ տոնածառը տարիքային խումբ չի հարցնում: Երիտասարդներն էլ, տարիքովներն էլ, նույնսիկ տարեցները խնդրում են իրենց դիմացով չանցնել. նկարվում են:

Հեքիաթն իրականություն փոխադրելիս
Այն, ինչով կահավորված է այգին, ահագին ջանք է պահանջել: Կառուցող անձնակազմն այնտեղ էր. հետաքրքրությամբ սպասում էր արձագանքներին՝ հատկապես երեխաներին դուր կգա՞: Չուզեցին ներկայանալ ու մեզ հետ մանրամասն զրուցել: Միայն ասացին, որ շատ են տանջվել, ուսումնասիրել են Սանտա Կլաուսի մասին ամերիկյան պատումները, նկարազարդումները և աշխատել են այնպես անել, որ իրենց ստեղծածը ոչնչով չզիջի: Գործն ավելի է դժվարացրել ցուրտը: Շինարար խմբի ղեկավարողն ասում է՝ ամբողջ գիշեր այգում են եղել: Լուսաբացին են աշխատանքները հասցրել ավարտին:

dzmer-papi-dghyakՍանտայի առաջին պաշտոնական հանդիպումը
Այս փայտեղ երկհարկանին Սանտա Կլաուսի տունն է: Այգու բացումից արդեն մեկ ժամ է անցել, բայց դեռ ոչ ոքի չեն թույլատրում ներս մտնել: Երեխաները Ձմեռ պապին տեսնել են ուզում, մի մասը մայրիկի կամ հայրիկի հետ է խորհրդակցում՝ ի՛նչ նամակ է գրելու ու իր ձեռքով հանձնելու նրան:

Սանտայի տունն առաջին մտնողն ու նրա հետ զրուցողը փոքրիկները չեղան: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն է նախ ծանոթանում տանտիրոջ հետ ու զրուցում. հետո Սանտան ժամանակ չի ունենա:

Վայրկյաններ անց նրա աշխատասենյակ են մտնում երեխաները: Առաջին բանը, որ անում են, Սանտային նամակ հանձնելը չէ. լուսանկարն ավելի մնայուն է:

Բժշկի խորհուրդը

bjhshki-nkaryՄաքուր օդը նպաստում է առողջությանն ու ընդհանուր զարգացմանը: Ի վերջո, խաղերի մասին մտածելով՝ երեխան մարզում է նաև ուղեղը: Բայց եթե ջերմաստիճանը շատ ցածր է, կարելի է 30 րոպե խաղից հետո մի քանի ժամ դադար տալ: Ուշադրություն դարձրեք նաև հագուստին: Պետք չէ երեխային շատ հագցնել: Դա հակառակ ազդեցությունը կունենա. սեղմված հագուստի պարագայում երեխան ավելի շատ է զգում ցուրտը: Հագուստը թող հնարավորինս ազատ լինի:
Սառնությունից խուսափելիս չպետք է փակել փոքրիկի քիթը. այդպես նա կսկսի բերանով շնչել, իսկ հիվանդանալու հավանականությունը կմեծանա, որովհետև սառն օդը միանգամից կանցնի թոքեր:
Ամեն դեպքում՝ հիշեք. մաքուր օդը միշտ առողջարար է:

Լյուդմիլա Սաֆարյան
ֆիզիոթերապևտ բժիշկ

Սանտուս, Վինտուս, Էլֆուս
Նոր տարին առանց հրաշքների չի լինում: Փայտե առանձնատուն մտած երեխաները շատ էին լսել Ձմեռ պապի մասին, բայց որ նա Լապլանդիայից կգար, կհասներ Երևան, դժվար թե հավատային: Հիմա իրենց աչքով են տեսնում:
-Ես շատ եմ սիրում հայ փոքրիկներին: Որպեսզի դուք ինձ հասկանաք, հեռավոր Լապլանդիայից գալուց առաջ նույնիսկ հայերեն եմ սովորել: Դուք էլ միշտ հայերեն խոսեք,-ասում է բարի պապիկը: -Գիտե՞ք, որ հրաշքներն իրական են, և Ձմեռ պապը ձեզ համար ամեն ինչ կարող է անել:
Երեխաները գլխով են անում. իրենք այդ մասին գիտեին, բայց ինչպե՞ս երազանքներն իրականություն դարձնել: Ձմեռ պապը կախարդական ու ամենազոր բառերն է հիշեցնում.
-Սանտուս, Վինտուս, Է՜լֆուս:

Օդային ճամփորդը
Սառցե թագուհին այգու վերնամասում է: Այն Երևանի ամենամեծ բացօթյա սահադաշտն է: Տարբեր կողմերից լուսարձակներ են տեղադրված, որ ամե ինչ շոուի են վերածում: Սահադաշտի հենց կողքին պարելու ու զվարճանալու հարթակն է: Տոնական երաժշտության ու գունավոր լույսերի ներքո երեկոն վերածվում է դիսկոտեկի:

Ավելի ուշ հավաքվածների հայացքն ուղղվեց վերև: Ոչ թե հրավառություն էր, այլ Սանտան: Ճոպաններով պատրաստված հարմարանքը թույլ էր տվել իրականություն բերել ևս մեկ հրաշք. Ձմեռ պապն իր օդային սահնակով հայտնվեց մարդկանց գլխավերևում:

Երեխաների ականջից հեռու
Երեխաներին հետաքրքրում է զվարճանալը: Նրանք ամեն ինչից են ուզում փորձել՝ ուտել Տիկին Կլաուսի բլիթները, լինել Սանտայի փոստային գրասենյակում, զբոսնել եղջերուների հետ: Բայց միայն ծնողները գիտեն, որ այս ամենը գումար արժե: Օրինակ՝ որպեսզի ձեր երեխան եղջերուի սահնակով մեկ պտույտ անի, պիտի վճարեք 3000 դրամ:

Մուտքն անվճար է, բայց այգու բարիքներից ու զվարճանքներից օգտվելը՝ գումարով: Գուցե մյուս տարիներին կմտցվի վճարման մեկ համակարգ. կլինի այգի մուտք գործելու միայն մեկ արժեք, իսկ մնացածից օգտվելը կմտնի այդ արժեքի մեջ: Թե չէ համակարգչային հայտնի ավտոխաղերն է հիշեցնում. ներբեռնելը ձրի է, խաղալը՝ նույնպես, բայց որպեսզի մեքենա ունենաս, պետք է գումար վճարես: Եթե չես վճարում, ներբեռնելն էլ է իզուր, խաղալն էլ:

ԹԵՄԱՅԻ ՄԵՋ
Ձմեռ պապի և նրա էլֆերի հետ հանդիպելու ավանդույթը եվրոպական երկրներում փոքր-ինչ ուրիշ ձևաչափով է ընդունված: Օրինակ՝ Անգլիայում դեկտեմբերի սկզբից մինչև 25-ը տարբեր տեղերում կազմակերպվում են նման հանդիպումներ: Դրանք ձմեռային այգի չեն, այլ Սանտա Կլաուսի «խաղալիքի արտադրամաս»: Մուտքը գումարով է: Միջինը կարժենա 3000-4000 դրամ: Մինչ փոքրիկը կծանոթանա Ձմեռ պապի հետ ու կփոխանցի իր ցանկությունների նամակը, էլֆերը ծնողին ուղեկցում են «խաղալիքի արտադրամաս», որտեղ նա հեշտությամբ կկողմնորոշվի՝ ինչ կարելի է նվիրել երեխային: Սա հետաքրքիր է նաև նրանով, որ ըստ ավանդության՝  Ձմեռ պապն ունի մեծ արտադրամաս և անձամբ է հետևում բոլոր խաղալիքների պատրաստմանը:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s